Ադրբեջանում նշում են «Հաղթանակի օրը»
Ադրբեջանում նշում են «Հաղթանակի օրը»

Ադրբեջանում նշում են «Հայրենասիրական պատերազմի հաղթանակի օրը»։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ղարաբաղի շրջանում ռազմական գործողություններ սկսվեցին, և 44-օրյա պատերազմից հետո Բաքուն վերահաստատեց իր լիակատար վերահսկողությունը տարածաշրջանի վրա։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի բանակը վերահսկողության տակ վերցրեց 300-ից ավելի բնակավայր, ինչպես նաև կարևոր ռազմավարական բարձունքներ Աղդերեի, Մուրովդաղի և Զանգելանի ուղղություններով։

Պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի 2 908 զինծառայող զոհվել է, իսկ վեցը համարվում են անհետ կորած։

2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը նախատեսում էր հրադադարի լիակատար հաստատում։ Երեքկողմ հայտարարությամբ նախատեսվում էր նաև Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների վերադարձ Ադրբեջանին։ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր՝ Ադրբեջանի Հանրապետությունում «Հաղթանակի օր» սահմանելու մասին։

Այսօր Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։