Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար․ ««Թրամփի երթուղին» դիտարկում ենք որպես կարևոր գործիք տարածաշրջանում աշխարհաստրատեգիական ռիսկերի նվազեցման և վստահության բարձրացման տեսանկյունից»
ԱՄՆ-ն «Թրամփի երթուղին» դիտարկում է որպես կարևոր գործիք տարածաշրջանում աշխարհաստրատեգիական ռիսկերի նվազեցման և վստահության բարձրացման տեսանկյունից, – այս մասին Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կառլոնը հայտարարել է Ադրբեջանի միջազգային ներդրումային ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
Խոսելով նախագծի մասին՝ Էմի Կառլոնը նշել է, որ այս նախաձեռնությունը միայն անուն կամ ձևական նախագիծ չէ։
«Այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր ինստիտուտ, ներդրում ենք կատարում դրանում և ապահովում ենք դրա տնտեսական կայունությունն ապագայում, ցույց է տալիս, թե որքան լուրջ ենք մոտենում այս հարցին», – նշել է ամերիկացի դիվանագետը։
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագծի ֆինանսավորման մի մասը կհատկացվի 201 միլիոն դոլար ծավալով հիմնադրամից։ Նրա խոսքով՝ հիմնադրամի հիմնական նպատակներից մեկը մասնավոր ներդրողների ներգրավումն է։
«Ներդրումների, ժամանակի և ջանքերի այն ծավալը, որն ԱՄՆ կառավարությունը ներդրել է այս նախագծում, ինչպես նաև հենց այն փաստը, որ նախագիծը կապված է նախագահ Դոնալդ Թրամփի անվան հետ, հստակ ցույց է տալիս, թե որքան լուրջ ենք մոտենում այս նախաձեռնությանը», – հայտարարել է Էմի Կառլոնը։