Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր

Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին խարտիա։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի հզորագույն երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Բաքվ մեծ պատիվ է։ Նրա հայտարարության համաձայն՝ այսօրվա հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։

«Մեծ շնորհակալություն Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ շատ դրական վերաբերմունքի համար», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողությունն արտացոլում է վեց ամիսների ընթացքում երկու երկրների թիմերի արդյունավետ աշխատանքը։

«Այս վեց ամիսների ընթացքում մենք արդեն ապրում ենք խաղաղ միջավայրում։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ և շատ շնորհակալ ենք Միացյալ Նահանգների կառավարությանը այս մեծ ներդրման համար», – նշել է Ալիևը։

Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Ադրբեջանը ոչ միայն հանել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման վրա, այլև սկսել է նավթամթերքի մատակարարումը Հայաստան՝ դրանով իսկ փաստացի նախաձեռնելով առևտուր և համագործակցություն։

Բացի այդ, ինչպես պարզաբանել է Ադրբեջանի նախագահը, Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի կարևոր արդյունքներից մեկը տարածաշրջանում Անդրկասպյան միջազգային երթուղու իրականացումն է։

«Անդրկասպյան միջազգային երթուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու մասերը, այլև կլինի շատ հուսալի, անվտանգ և մասշտաբային տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի, Հայաստանի և այլ հարևան երկրների տարածքով», – հայտարարել է Ալիևը։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունները «մտնում են բացարձակապես նոր փուլ»։

Ինչպես պարզաբանել է Ադրբեջանի նախագահը, այսօր ստորագրված խարտիայում տրված են համագործակցության տարբեր ուղղություններ։

Իլհամ Ալիևի հայտարարության համաձայն՝ երկրները կշարունակեն սերտորեն աշխատել անվտանգության և հակաահաբեկչական գործողությունների հետ կապված հարցերի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության շուրջ։

Դրա հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները և Ադրբեջանը սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում, ինչը, Ալիևի հայտարարությամբ, «շատ հեռանկարային է»։