Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Կախեթի շրջանում հյուրընկալել է Ադրբեջանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պատվիրակությանը: Երկու երկրների սահմանամերձ շրջանների ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարներից կազմված պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի քննչական վարչության պետ Մուզաֆար Մամեդովը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այցի շրջանակներում ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Դավիթ Կիկնաձեն աշխատանքային հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկերների հետ, որտեղ քննարկել են սահմանամերձ շրջանների ոստիկանական ստորաբաժանումների միջև համագործակցության հարցերն ու առաջնահերթ ուղղությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Կողմերը ընդգծել են հարևան շրջանների միջև իրավապահ ոլորտում սերտ հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն շարունակել համատեղ աշխատանքը՝ առկա կապերը ընդլայնելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև առկա համագործակցությունը ապագայում էլ ավելի կամրապնդվի։