Ադրբեջանի արտաքին գերատեսչություն․ «Ադրբեջանի տարածքում գտնվող Քուրմուխի տաճարի հետ կապված Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունները հակասում են բարեկամության և գործընկերության ոգուն»
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատասխանում է Քուրմուխի տաճարի վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի հայտարարությանը։
Ինչպես նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Ադրբեջանի տարածքում գտնվող Քուրմուխի տաճարի հետ կապված Վրաստանի պատրիարքարանի վերջին հայտարարությունները «հակասում են Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամության, գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների ոգուն»։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն՝ «Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունների այլ անվանումներով հիշատակումն անընդունելի է»։
«Ադրբեջանը հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, միևնույն ժամանակ վրացական կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ նմանատիպ հարգանքի դրսևորումը երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության կարևոր հիմքն է։ Հենց այս տեսանկյունից է անհասկանալի Վրաստանի պատրիարքարանի մոտեցումը, որն ենթադրում է տարածքային պահանջներ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։ Կարևոր է, որ կրոնական ինստիտուտները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են սպառնալ բարեկամության և բարիդրացիության այն պատմական կապերին, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև։ Այս առումով խորհուրդ չի տրվում կրկնել հայկական եկեղեցու հայտնի մոտեցումները կամ գնալ նրա ճանապարհով։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանցի ժողովրդի և Ադրբեջանի պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են», – նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Քուրմուխի Սուրբ Գևորգ տաճարի հետ կապված Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն էր տարածել սեպտեմբերի 24-ին։
«Մտահոգիչ է վերջին օրերին մեդիատիրույթում տարածված տեղեկատվությունը և ֆոտո-վիդեոնյութերը պատմական Հերեթիում՝ Քուրմուխի Սուրբ Գևորգ տաճարում և նրա տարածքում ընթացող աշխատանքների վերաբերյալ։ Թեև Քուրմուխի տաճարն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է։ Բնական է, որ այս փաստը մեր հասարակության սուր արձագանքն ու արդարացի վրդովմունքն է առաջացրել, ինչը բացասաբար է անդրադառնում երկու հարևան պետությունների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործընթացի վրա։
Վրաստանի ուղղափառ եկեղեցու կողմից հատկապես ուշադրության է արժանի ցանկացած միջամտություն, որն իրականացվում է ինչպես բուն տաճարում, այնպես էլ նրա հարակից տարածքում։ Բազմաթիվ հարցեր են առաջանում ինչպես աշխատանքների անհայտ նպատակներից, այնպես էլ Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի վրացական կողմի հետ չհամաձայնեցված վերականգնումից։ Հավելենք նաև, որ այս գործողությունների մասին Վրաստանի պատրիարքարանը Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական գերատեսչություններից որևէ տեղեկատվություն չի ստացել։ Ըստ այդմ, այս փուլում կարևոր է պարզել, թե ինչ տեսակի աշխատանքներ են ընթանում տաճարի տարածքում, ինչ հետազոտությունների վրա են դրանք հիմնված և ով է իրականացնում դրանք, ինչպես նաև, թե ինչպես է ապահովված վրացական մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանությունը», – ասված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ։