Ադրբեջանը և Հայաստանը միմյանց մեղադրում են հրթիռահրետանային կրակ բացելու մեջ

Ադրբեջանի իշխանությունը Հայաստանին մեղադրում է Տերտերի շրջանի ուղղությամբ հրթիռահրետանային կրակ բացելու մեջ: Ինչպես նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, այսօր առավոտից Հայաստանի զինված ուժերը հրթիռային և հրետանային կրակ են բացել Տերտերի շրջանի ուղղությամբ:

Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ, հարձակման ժամանակ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ում տան բակում ընկել է արկը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ, Հայաստանը շարունակում է հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարի մարդասիրական ռեժիմի կոպիտ խախտումը:

Իր հերթին, հրադադարի ռեժիմի խախտման մեջ է Ադրբեջանին մեղադրում Հայաստանը: Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանի հայտարարությամբ, առավոտից հակառակորդը տարբեր ուղղություններով բացել է հրթիռահրետանային կրակ: Նրա փոխանցմամբ, ողջ գիշերվա ընթացքում հակամարտության գոտում եղել է համեմատաբար կայուն իրավիճակ: