Ադրբեջանական կողմի տվյալներով՝ Ալի Ասադովը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման հարցը
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման կապակցությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև։
Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ՝ Ալի Ասադովը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքների վերացման, որոնողափրկարարական գործողությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ուղարկել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին դեպքի վայր և ձեռնարկել այլ անհրաժեշտ օգնության միջոցներ։
Վրաստանի կողմը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ նշելով, որ ներկայում դեպքի վայրում աշխատում են Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։
Զրույցի ընթացքում շեշտվել է, որ Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների և Թվային զարգացման ու տրանսպորտի նախարարությունները մշտական կապի մեջ են իրենց վրաց գործընկերների հետ։
Կողմերը համաձայնեցրել են շարունակել համագործակցությունը և կապը կատարվածի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, կործանվել է թուրքական C-130 տիպի ռազմական ինքնաթիռ, որը նախնական տվյալներով թռչում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Ինչպես նշել է «Սակաերոնավիգացիան», դեպքի մասին տեղեկացվել են Գյանջայի օդանավակայանը և թուրքական կողմը։ Թուրքիան պաշտոնապես հաստատել է դեպքը։