Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը։
Նրա խոսքով՝ աշխատանքները կշարունակվեն առանձին խմբերով՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համատեղ համաձայնեցում։
«Մենք աշխատում ենք նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հստակ ցուցումների շրջանակներում՝ արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու համար։ Մենք պետության ղեկավարին տեղեկացնում ենք բանակցությունների յուրաքանչյուր փուլի ընթացքի մասին», – գրել է Ումերովը։
Տեղեկության համար, Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ եռակողմ հանդիպումները կշարունակվեն փետրվարի 4-5-ը։
Բանակցությունների առաջին փուլում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել են հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։ Ուկրաինայի պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ Ռուսական կողմից պատվիրակությունը գլխավորել են գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը։