Աբբաս Արաղչին Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանի նպատակն է լիցքաթափել իրավիճակը
Աբբաս Արաղչին Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանի նպատակն է լիցքաթափել իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Իրանի տեսլականը՝ հակամարտության լուծման վերաբերյալ։

Իրանական կողմի հաղորդմամբ, Արաղչին Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ Իրանի նպատակն է լարվածության թուլացումը։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարը խստորեն քննադատել է եվրոպական երկրների մոտեցումը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ և ասել, որ նրանք կառուցողական չեն գործում։ Նրա խոսքով՝ Իրանի դիրքորոշումն այն է, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։

Իր հերթին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հեռախոսազրույցի մասին գրել է սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Ինչպես Տայանին գրել է սոցիալական ցանցերում, Իտալիայի կառավարությունը մտահոգված է տարածաշրջանում աճող լարվածությամբ և կարծում է, որ անհրաժեշտ է կանխել իրավիճակի սրումը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի համաձայնագրի և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ աշխատանքները։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը կրկին հստակ դիրքորոշում հայտնեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ դրա ռազմական նպատակներով մշակումը անընդունելի է և ներկայացնում է «կարմիր գիծ»։

«Իրանը պետք է օգտագործի իր ազդեցությունը «Հեզբոլլահի» վրա՝ Իսրայելի դեմ հարձակումները դադարեցնելու և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար՝ բանակցությունների միջոցով», – գրել է Տայանին։

Նա նաև ասել է, որ Իտալիան շարունակում է աջակցել միջազգային խաղաղապահ ջանքերին, պահպանում է երկխոսությունը բոլոր կողմերի հետ և ձգտում է խթանել կայունությունը տարածաշրջանում։