Աբբաս Արաղչի. Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ բանակցությունների, մենք ոչ մի կերպ չենք կարող վստահել ամերիկացիներին, երբեմն նրանք մեկ օրում մի քանի հակասական ուղերձներ են հղում
Իրանը պատրաստ է թե՛ պատերազմի, թե՛ բանակցությունների,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին հաստատել է, որ Իրանը գտնվում է հրադադարի վիճակում, որը, նրա խոսքով, անկայուն է։
«Մենք դեմ ենք ագրեսիվ հարձակումներին, դեմ ենք պատժամիջոցներին։ Այսօր ամենակարևոր հարցը վստահությունն է։ Մենք ոչ մի կերպ չենք կարող վստահել ամերիկացիներին։ Ամերիկյան կողմից ստացված ուղերձները հակասական են. ամեն օր տարբերվում է նախորդ օրվանից։ Այսօրվա թվիթը տարբերվում է երեկվանից։ Երբեմն նրանք մեկ օրում մի քանի հակասական ուղերձներ են ուղարկում», – ասել է Աբբաս Արաղչին։
Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարը, պատերազմ հրահրող տարրերը փորձում են խաթարել դիվանագիտությունը և Միացյալ Նահանգներին ներքաշել նոր պատերազմի մեջ։
«Հուսով եմ, որ Ամերիկան սխալ չի թույլ տա, և դիվանագիտությունը, ի վերջո, կհաղթի», – ասել է Աբբաս Արաղչին։
Իրանի արտգործնախարարը արտահայտել է Իրանի դիրքորոշումը միջուկային զենքի վերաբերյալ՝ ասելով, որ Իրանը երբեք չի ձգտել և չի ցանկանում ձեռք բերել միջուկային զենք։
«Սա մեր քաղաքականությունն է։ Մենք ունենք խաղաղ միջուկային ծրագիր, և մենք միշտ պատրաստ ենք երաշխիքներ տրամադրել, որ այն կմնա խաղաղ», – ասել է Աբբաս Արաղչին։
Խոսելով Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի մասին՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Հորմուզի նեղուցը բաց է ընկերների համար, իսկ թշնամիների համար՝ սահմանափակ։