Աբբաս Արաղչի. Իրանը ներկայումս չի հարստացնում ուրան, բայց մենք իրավունք ունենք հարստացնելու այն, և մենք երբեք չենք հրաժարվի այդ իրավունքից

21:45, 16.11.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ներկայումս չի հարստացնում ուրան։

Նրա խոսքով՝ երկրի բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հսկողության ներքո։

«Իրանը չի հարստացնում ուրան։ Մեր բոլոր օբյեկտները գտնվում են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության պաշտպանության և հսկողության ներքո։ Ներկայումս հարստացում տեղի չի ունենում, քանի որ մեր օբյեկտները, մեր հարստացման օբյեկտները հարձակման են ենթարկվել», – ասել է Արաղչին։

Լրագրողի հարցին, թե ինչ պետք է անի Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու համար, Արաղչին ասել է, որ Թեհրանի ուղերձը իր միջուկային ծրագրի վերաբերյալ «հստակ է»։

«Իրանի ուրանի հարստացման իրավունքը՝ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման համար, անհերքելի է։ Մենք ունենք այս իրավունքը և կշարունակենք այն իրացնել։ Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կճանաչի մեր իրավունքները և կհասկանա, որ սա Իրանի անօտարելի իրավունքն է, և մենք երբեք չենք հրաժարվի մեր իրավունքներից», – ասաց Արաղչին։

Նա նաև ասաց, որ Վաշինգտոնի ներկայիս մոտեցումը Թեհրանի նկատմամբ չի վկայում «հավասար և արդար բանակցությունների» պատրաստակամության մասին։

Նմանատիպ