91 տարեկան հասակում մահացել է հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին։ Տեղեկությունը հայտնում է միջազգային մամուլը։
Ջորջիո Արմանին «Armani» բրենդի հիմնադիրն էր և համարվում էր Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Ջորջիո Արմանին իտալացի դիզայներ էր և նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ ֆիգուրներից մեկը, ով փոխեց ոճի և էլեգանտության ընկալումը։ Միլանում ծնված Արմանին ի սկզբանե ընտրել էր բժշկությունը, սակայն շուտով հասկացավ, որ իր իսկական կոչումը արվեստն ու էսթետիկան էր։ Նա աշխատել է մի շարք նորաձևության տներում, այդ թվում՝ Cerruti-ում, մինչեւ 1975 թվականին հիմնեց իր սեփական բրենդը։
Armani անունը դարձավ համանուն մինիմալիստական, նրբագեղ և հարմարավետ ոճի հետ։ Հատկապես հայտնի դարձան նրա տղամարդկանց և կանանց կոստյումների հեղափոխական ձևավորումները, որոնք ավանդական ֆորմալությանը տվեցին ազատ և ժամանակակից հնչեղություն։ Նրա հագուստները հաճախ հայտնվում էին հոլիվուդյան ֆիլմերում, իսկ դերասաններն ու հանրահայտ անձինք կարմիր գորգին կրում էին նրա հավաքածուները։ Նորաձևությունից բացի, Արմանին ընդլայնեց բիզնեսը՝ ստեղծելով Emporio Armani, Armani Exchange, Armani Casa և այլ բրենդային ուղղություններ, ինչպես նաև մուտք գործեց օծանելիքների, հյուրանոցների և ինտերիեր դիզայնի ոլորտ։
Նրա տեսլականը միավորում էր բարձրաճաշակ ոճն ու մատչելի էլեգանտությունը՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով արտահայտել սեփական ոճը։
Ջորջիո Արմանիին հրաժեշտ կտան սեպտեմբերի 6-ին Միլանում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Նրա կտակի համաձայն՝ արարողությունը փակ կլինի հասարակության համար և կկայանա նեղ շրջանակում։