Ռուսաստանը նոր հարձակում է ծրագրում Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։
Պալիսայի խոսքով՝ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները մի քանի աղբյուրներով ստուգել են տեղեկատվությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ղեկավարությունը երկրի քաղաքական ղեկավարությունից հանձնարարություն է ստացել մշակելու Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ հնարավոր գործողության մի քանի տարբերակ։
Նրա իսկ խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ Ռուսաստանի ծրագրերն այս փուլում մնում են միայն ծրագրեր։
«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մշակել է հնարավոր պատասխան, պաշտպանական և դիմադրողական միջոցառումներ։ Այս պահին այդ ուղղություններով հարձակողական խմբավորման ձևավորում չենք տեսնում։ Մեր հիմնական խնդիրն է թույլ չտալ այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ռուսներին որևէ տեսակի հարձակողական գործողություններ սկսելու հնարավորություն կտան», — նշել է Պալիսան։
Նրա հայտարարությամբ՝ Մոսկվան ծրագրում է նաև բուֆերային գոտի ստեղծել Ուկրաինայի հյուսիսային հատվածում։
«Դեռևս ուժի մեջ են Խարկովի և Սումիի մարզերում, ինչպես նաև մասամբ Չեռնիգովի մարզում բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերը», — հայտարարել է Պալիսան։
Բացի այդ, Պալիսայի խոսքով, Ռուսաստանի ծրագրերում դեռևս մտնում է նաև Դոնբասի ամբողջական օկուպացիան, սակայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ այդ ծրագրի իրականացումն անիրատեսական է։
«Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ռազմական ղեկավարությանը հանձնարարում է Դոնբասի հարցի լուծումը, այսինքն՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի վարչական սահմաններ դուրս գալը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը։ Իր հերթին, ռազմական ղեկավարությունը քաղաքական ղեկավարությանը համոզում է, որ նշված ժամկետում այդ առաջադրանքի կատարումն անիրատեսական է և խնդրում է ժամկետը հետաձգել մինչև մարտի 31-ը։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նույնիսկ մինչև մարտի 31-ը այդ նպատակի իրագործումն անիրատեսական է», — նշել է Պալիսան։