Վոլոդիմիր Զելենսկին չի մասնակցի Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի մասնակցի Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։ Այս մասին տեղեկատվությունը սոցիալական ցանցում տարածել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ համաժողովում ուկրաինական պատվիրակությունը, Զելենսկիի փոխարեն, կգլխավորի Սվիրիդենկոն։
«Ես կգլխավորեմ ուկրաինական պատվիրակությունը և մեր համատեղ աշխատանքը Գդանսկում կայանալիք համաժողովին։ Համաժողովում ուկրաինական թիմի կազմում կլինեն ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներ, պետական ընկերությունների ղեկավարներ, մեր համայնքների ներկայացուցիչներ ամբողջ երկրից և, իհարկե, կառավարության ներկայացուցիչներ ու խորհրդարանականներ։ Տարբեր մակարդակներում կլինեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք պետք է հզորացնեն Ուկրաինան, Լեհաստանը, մեր բոլոր գործընկերներին և Եվրոպան»,- գրում է Սվիրիդենկոն։
Նրա խոսքով՝ համաժողովի շրջանակներում նախատեսվում է գործընկերների հետ մի շարք կարևոր համաձայնագրերի ստորագրում, հատկապես էներգետիկայի ոլորտում։
Ի գիտություն, վերջին շրջանում ուկրաինացի և լեհ բարձրաստիճան պաշտոնյաների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշում է կայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից հետ վերցնել «Սպիտակ արծիվ» շքանշանը։ Նավրոցկու պարզաբանմամբ՝ որոշումը կայացվել է այն պատճառով, որ Զելենսկին համաձայնություն է տվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին «Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների» անունը շնորհելուն։ Լեհաստանի նախագահի կողմից Զելենսկիից «Սպիտակ արծիվ» շքանշանը հետ վերցնելուց հետո, այդ պարգևից հրաժարվել են նաև Ուկրաինայի նախկին նախագահներ Վիկտոր Յուշչենկոն, Լեոնիդ Կուչման և Պետրո Պորոշենկոն։
Միևնույն ժամանակ, ինչպես գրում են լեհական լրատվամիջոցները, «Ուկրաինական ապստամբական բանակը» 1943 թվականի հուլիսին համակարգված հարձակում է իրականացրել լեհերով բնակեցված մոտ 550 քաղաքների վրա, որոնք գտնվում էին նախկին Վոլինի վոեվոդության, մասնավորապես՝ Վոլոդիմիրի, Հորոխովի, Կովելի և Լուցկի շրջաններում՝ ներկայիս Ուկրաինայի տարածքում։