Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պահորը հաղթանակ է տարել պետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի պետական ընտրական հանձնաժողովին:
Քվեաթերթիկների 99,98 տոկոսի հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Պահորի օգտին քվեարկել է ընտրողների 52,94 տոկոսը, իսկ նրա հակառակորդի՝ Մարյան Շարեցի օգտին իր ձայնն է տվել քաղաքացիների 47,06 տոկոսը:
Պահորն արդեն հայտարարել է հաղթանակի մասին և խոստացել է ընտրողներին իր քաղաքական ձայնն ավելի լսելի դարձնել պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում:
«Որպես հանրապետության նախագահ՝ ես իմ գլխավոր խնդիրն եմ համարում պահպանել քաղաքական կայունությունը և խաղաղութունը Եվրոպայում և ողջ աշխարհում տիրող բարդ և անկախատեսելի իրավիճակում»,- ընդգծել է նախագահը:
Նշենք, որ Սլովենիան խորհրդարանական պետություն է, այդ պատճառով նախագահի գործառույթները սահմանափակ են: Երկրի նախագահը, սակայն, գլխավորում է բանակը և առաջադրում է մի քանի կարևոր պաշտոնների թեկնածություններ:
Հոկտեմբերի 22-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսի սահմանը, այդ պատճառով նշանակվել էր ընտրությունների երկրորդ փուլ:
Հեղինակ -
Edgar Barsegyan