Մոլդովայի խորհրդարանին թույլատրել են պետական լեզուն ռումիներեն փոխել
Մոլդովայի սահմանադրական դատարանը հավանություն է տվել երկրի սահմանադրության փոփոխությունների նախագծին, որը նախատեսում է պետական լեզուն ռումիներեն փոխել: Այս մասին հայտնում է Independent պարբերականը:
Մոլդովայի ՍԴ դատավորները հիմք են ընդունել ՍԴ 2013 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը, որը երկրի պետական լեզու է ճանաչել ռումիներենը՝ հիմք ընդունելով Մոլդովայի անկախության հռչակագիրը: Ըստ Մոլդովայի ՍԴ դատավորների՝անկախության հռչակագիրը գերակա է երկրի սահմանադրության նկատմամբ, որում երկրի պետական լեզու է անվանվում մոլդովերենը:
Պետական լեզվի վերանվանման օգտին հանդես են եկել Մոլդովայի խորհրդարանի Լիբերալ և Լիբերալ-դեմոկրատական, ինչպես նաև Եվրոպական կուսակցությունների պատգամավորները:
Ըստ Մոլդովայի օրենսդրության՝ ՍԴ եզրակացությունից հետո նախագիծը կհանձնվի խորհրդարանի քննարկմանը: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի, եթե դրա օգտին քվեարկի պատգամավորների երկու երրորդը: