Մարտա Կոս. Գրեթե բոլոր ինքնաթիռները սկսեցին թռչել Կովկասի վրայով. հենց այստեղից՝ Միջին միջանցքով, մենք կարող ենք ապահովել մեր առևտրային, էներգետիկ և թվային կապերը

18:27, 23.06.2026

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը հայտարարում է, որ Եվրոպան Ասիայի հետ կապվելու համար երկար ժամանակ օգտագործում էր 2 հիմնական երթուղի, որոնք անցնում էին Ռուսաստանով և Մերձավոր Արևելքով, սակայն հակամարտությունների պատճառով այժմ նշված երթուղիները հուսալի չեն։

«Մեր տնտեսության 1/5-ը առևտուրն է, սակայն խոսքը միայն այլ երկրների հետ առևտրային գործարքների մասին չէ։ Խոսքը վերաբերում է աշխարհագրությանը, ճանապարհներին, երկաթգծերին և ծովային երթուղիներին, որոնք օգտագործվում են ապրանքները Եվրոպա հասցնելու համար։ Խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք մենք օգտագործում ենք, որպեսզի էներգիան հասնի մեր տներին, և մալուխներին, որոնք մեր տվյալները փոխանցում են ամբողջ աշխարհում։ Երկար ժամանակ Եվրոպան Ասիայի հետ կապելու համար մենք հենվում էինք 2 երթուղու վրա՝ Հյուսիսային երթուղին՝ Ռուսաստանի տարածքով, և Հարավային երթուղին՝ Կարմիր ծովի և Սուեզի ջրանցքի տարածքով։ Սակայն հակամարտությունները այս երթուղիները դարձնում են անհուսալի։ Շատ նավեր ստիպված են շարժվել երկար ճանապարհով՝ Բարեհուսո հրվանդանի շուրջը, որը Եվրոպան օգտագործում էր մինչև Սուեզի ջրանցքի կառուցումը»,- հայտարարում է Մարտա Կոսը։

Բացի այդ, Մարտա Կոսը տեսաուղերձում խոսել է այլընտրանքային երթուղու մասին, որն անցնում է Հարավային Կովկասով։ Նրա խոսքով՝ Իրանի պատերազմի մեկնարկից հետո Եվրոպայի և Ասիայի միջև գրեթե բոլոր ավիաչվերթներն իրականացվել են Կովկասի տարածքով։ Սակայն, Կոսի խոսքով, անհրաժեշտ է զարգացնել նշված երթուղին, որպեսզի այն դառնա ավելի արդյունավետ։

Միևնույն ժամանակ, եվրոպական հանձնակատարի հայտարարությամբ՝ տարածաշրջանի զարգացումը և դրա նշանակության մեծացումը կբարելավի նաև կովկասյան երկրների միջև հարաբերությունները։

«Գոյություն ունի նաև այլ ճանապարհ։ Նայեք ինքնաթիռների քարտեզին Իրանում վերջին պատերազմի մեկնարկից առաջ և հետո։ Գրեթե բոլոր ինքնաթիռները սկսեցին թռչել Կովկասի տարածքով։ Հենց այստեղից՝ Միջին միջանցքի միջոցով, մենք կարող ենք ապահովել մեր առևտրային, էներգետիկ և թվային կապերը։ Այն Եվրոպան կապում է Ասիայի հետ Թուրքիայի և Հարավային Կովկասի տարածքով։ Որպեսզի այն աշխատի, մենք պետք է ներդնենք մեր լուման։ Այս երթուղով առևտուրն այժմ 4 անգամ ավելի է, քան 2022 թվականին։ Խնդիրն այն է, որ փոխադրման ժամանակը կարող է դեռևս երկարել մինչև 45 օր։ Մեր նպատակն է այդ ժամանակը կրճատել մինչև 15 օր։ Ինչպե՞ս։ Ճանապարհների, երկաթգծերի, նավահանգիստների բարելավմամբ և սահմաններին հապաղումների կրճատմամբ։ Դա կնպաստի մեր բիզնեսների համար ծախսերի կրճատմանը և Եվրամիության բնակչության համար ապրանքների էժանացմանը։ Դա մեզ կօգնի մեր տնտեսության աճի հարցում։ Նաև կնպաստի տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը տասնամյակների հակամարտությունից հետո, ինչպես նաև կուժեղացնի մեր արևելյան հարևանների տնտեսությունը։ Հենց դա արեցին մեզ համար ածուխն ու պողպատը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սա Եվրահանձնաժողովի առաջնահերթությունն է, որն ապահովում է մեր առևտրային, էներգետիկ և թվային կապերը այնպիսի երթուղիներով, որոնց մենք կարող ենք վստահել»,- հայտարարել է Մարտա Կոսը։

Նմանատիպ