ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան․ «Ուկրաինան կարող է վերանայել ողջ ռազմաճակատի երկայնքով հրադադարի իր առաջարկը, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շարունակի ուշացնել ռուսական ագրեսիային արձագանքելը»
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի խոսքով՝ Ուկրաինան կարող է վերանայել գրեթե ողջ ռազմաճակատի գծի երկայնքով հրադադար հաստատելու իր առաջարկը, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շարունակի հապաղել ռուսական ագրեսիային արձագանքելու հարցում։
Այս մասին Մելնիկը հայտարարել է Խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։
«Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան արդար և տևական խաղաղություն ապահովելու համար, սակայն մեր համբերությունն անսահման չէ»,– հայտարարել է Անդրեյ Մելնիկը։
Ինչպես նշում է դիվանագետը, անցած 15 ամիսների ընթացքում Ուկրաինան բազմիցս կոչ է արել Անվտանգության խորհրդին ընդունել բանաձև «լիակատար և անպայման հրադադարի» մասին, սակայն այդ ջանքերն անպատասխան են մնացել։
«Եթե Խորհուրդը շարունակի և հետագայում էլ հետևի «սպասենք և տեսնենք» սկզբունքին, չեմ բացառում, որ Ուկրաինան վերանայի և փոխի իր առաջարկը։ Հրադադարը ռազմաճակատի ողջ գծի երկայնքով՝ դա արդեն իսկ մեծ փոխզիջում է»,– նշել է Անդրեյ Մելնիկը։
Նրա խոսքով՝ վերջին ամսվա ընթացքում Ուկրաինան էապես փոխել է պատերազմի դինամիկան, և դրա հետևանքներն ավելի ու ավելի է զգում Ռուսաստանը։ Ինչպես ասում է Մելնիկը, ռուսական նավթավերամշակման գործարանների գրեթե 40%-ն արդեն վնասված է։