Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել. Ալիևի օգնական
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին փորձել է ինքնասպանություն գործել: Այդ մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովին:
«Լապշինը նախօրեին փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն բանտապահները ժամանակին կարողացել են կանխել ինքնասպանության փորձը: Բլոգերին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, և այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտարարել է Հասանովը:
Նրա խոսքով՝ Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել Իսրայել նրա արտահանձնման հետաձգման առնչությամբ:
Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից ի վեր:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։