Ինդոնեզիայում սկանդալ է բռնկվել թանգարաններից մեկում Հիտլերի արձանի պատճառով
Ինդոնեզիայում սկանդալ է բռնկվել թանգարաններից մեկում Հիտլերի արձանի պատճառով

Ինդոնեզիայի De Arca մոմե քանդակների թանգարանի ղեկավարությունը ստիպված էր իրավապաշտպանների քննադատությունից հետո ցուցադրությունից հանել Ադոլֆ Հիտլերի քանդակը, հայտնում է Sky News-ը:

Մոմե քանդակը 2014 թվականից տեղադրված էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի մուտքի ֆոնին՝ Arbeit macht frei («Աշխատանքն ազատագրում է») վահանակով: Քանդակը սելֆիի համար արվեստի ամենահայտնի օբյեկտներից մեկն էր դարձել:

Հիտլերի քանդակի վրա ուշադրություն է դարձրել հրեական «Սիմոն Վիզենտալի կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը: Կենտրոնի ղեկավար Աբրահամ Քուփերի խոսքով՝ այս ցուցադրանմուշում «ամեն ինչ սխալ է»:

«Սա պարզապես ծաղր է զոհերի նկատմամբ, որոնք մի անգամ անցան դարպասներով, բայց այնտեղից այդպես էլ դուրս չեկան»,- ասել է նա:

Թանգարանի կառավարիչ Ջեյմի Միսբահը հայտարարել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները չեն ցանկացել որևէ մեկին վիրավորել:

«Մենք չենք ցանկացել զայրույթ հարուցել: Հիտլերի արձանը թանգարանում է լուսաբանման նպատակով»,- պարզաբանել է Միսբահը: