ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, թե առայժմ չկա որոշում այն մասին, որ Ամերիկայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պաշտոնական բանակցություններ կանցկացնեն Վիետնամում, այս շաբաթ գումարվող Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:
Թիլերսոնն արձագանքել է Ռուսաստանի ղեկավարի խորհրդական Յուրի Ուշակովին, ով այսօր ավելի վաղ հայտնել է, թե երկու նախագահներն, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն վաղը՝ նոյեմբերի 10-ին:
Ասիայի տարածաշրջան մեկնած Թրամփին ուղեկցող Թիլերսոնն ասել է, որ խնդիրն այն է, թե արդյո՞ք նախագահների հանդիպումը շոշափելի արդյունք կտա:
Թրամփը նոյեմբերի 5-ին ասել է, որ ինքը Վիետնամում հավանաբար կհանդիպի Պուտինի հետ, նշելով, որ քննարկումների օրակարգում, ի շարս այլ հարցերի, կարող են լինել Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի թեմաները: