ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն: Ժամանումից անմիջապես հետո Թրամփն ուղղաթիռ է նստել եւ ուղեւորվել Փյոնտհեկ քաղաքում ԱՄՆ-ի Քեմփ Համֆրիզ նոր ռազմակայան:
Այստեղից նա կուղեւորվի Սեուլ՝ հանդիպելու նախագահ Մուն Չժե Ինի հետ: Սպասվում է, որ այցի գլխավոր թեման կդառնա ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի հարցը:
Հարավային Կորեա Թրամփի ուղեւորությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա շրջագայության բաղկացուցիչ մասն է:
Սպիտակ տունը չի թաքցնում, որ ուղեւորության գլխավոր նպատակը Փհենյանի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելու շուրջ պայմանավորվելն է, որպեսզի զսպվեն նրա միջուկային հավակնությունները: