Կիևի դատարանն Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդուն` Ալեքսանդր Ավակովին, վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնում է «Ինսայդեր» պարբերականը:
Պորտալի տեղեկությամբ՝ հետաքննությունն իրականացվում է «Վատնման, ծառայողական դիրքի չարաշահմամբ ունեցվածքի յուրացման կամ տիրանալու» հոդվածի հատկանիշներով: Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանն Ալեքսանդր Ավակովի նկատմամբ խափանման միջոցի կիրառման մասին կհայտարարի նոյեմբերի 1-ին:
Պարբերականի տեղեկությամբ՝ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը մտադիր է Ավակով-կրտերի համար պահանջել կալանվորում, գրավի դիմաց ազատ արձակման պայմանով: Ներկայումս Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի որդին տեղափոխվել է Ազգային հակակոռուպցիոն բյուրո:
Հաղորդվում է նաև, որ նույն գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է նաև Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի նախկին տեղակալ Սերգեյ Չեբոտարյան և Ալեքսանդր Ավակովի բիզնես-գործընկեր Վլադիմիր Լիտվինը:
Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ հետաքննությունը քաղաքականացված է, իսկ Արսեն Ավակովը հերքել է որդու հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները:
«Ո՛չ որդիս, ո՛չ այն ընկերությունները, որոնց հիմնադիրն է նա, կապ չունեն և չեն ունեցել Ուկրաինայի պետական բյուջեի ոչ մի լումայի հետ: Ալեքսանդր Ավակովը կանցնի գործընթացն ու դա կապացուցի դատարանում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավակովը: