Պեդրո Սանչեսը հայտարարում է, որ իր կուսակցությունում կոռուպցիայի մասին ոչինչ չի իմացել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությամբ՝ ինքը իր կուսակցությունում կոռուպցիայի մասին ոչինչ չի իմացել։ Այս մասին Սանչեսը խոսել է Պատգամավորների կոնգրեսում իր ելույթի ժամանակ։
Սանչեսի խոսքով՝ ինքը գիտակցում է, որ «հասարակությունը հետևում է դատական ոլորտի հետ կապված լուրերին»։
«Ոչ մի դեպքում չեմ նվազեցնում դրանց կարևորությունը։ Դա վճռորոշ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր երկրում նաև դատական գործընթացներից դուրս։ Միևնույն ժամանակ, պետք է հիշենք, որ այս տեղեկատվության տարածման հետևում կանգնած են քաղաքական դերակատարներ, որոնք փորձում են խառնել հարցերը միմյանց հետ, որպեսզի մարդկանց մոլորության մեջ գցեն»,- հայտարարել է Սանչեսը։
Սանչեսը հերքել է, որ Սոցիալիստական կուսակցությունը անօրինական ֆինանսավորում է ստացել։ Նա նաև հայտարարել է, որ կուսակցությունում կոռուպցիա չի հանդուրժի։
«Ես երբեք չեմ իմացել նման գործելաոճի մասին և ոչ մի դեպքում թույլ չէի տա դա»,- նշել է Իսպանիայի վարչապետը։
Սանչեսն իր 32-րոպեանոց ելույթի մի մասը նվիրել է նաև այն գործերին, որոնք վերաբերում են պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման փաստերին և որոնցում ներգրավված են իր կինն ու եղբայրը։
«Այս մասին խոսելն ինձ համար հեշտ չէ, քանի որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ում ես ամենից շատն եմ սիրում, և առանց որևէ կասկածի գիտեմ, որ այս գործերը հիմնված են անհիմն մեղադրանքների և հալածանքների սխեմայի վրա, ինչը մենք տեսել ենք նաև արևմտյան այլ երկրներում»,- հայտարարել է Պեդրո Սանչեսը։
Ի գիտություն՝ հունիսի 22-ին Իսպանիայի վարչապետի կնոջը՝ Բեգոնիա Գոմեսին, կանչել են դատարան, որպեսզի ընթացիկ քննության շրջանակներում քննարկվի նրա անձնագիրն առգրավելու հարցը։