«Ryanair»-ի հետ կնքվել է փոխհամագործակցության մասին պայմանագիր
«Ryanair»-ի հետ կնքվել է փոխհամագործակցության մասին պայմանագիր

Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև կնքվել է փոխադարձ համագործակցության մասին պայմանագիր:

Պայմանագիրն ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Գիորգի Չոգովաձեն և «Ryanair»-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Ryanair»-ը չվերթներ կիրականացնի Թբիլիսիի և Քութաիսիի միջազգային օդանավակայաններից:

Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, պայմանագիրը ներառում է ուղիղ չվերթներ 12 ուղղություններով՝ դեպի եվրոպական քաղաքներ, որոնցից երեք ուղղությամբ չվերթները կմեկնարկեն այս տարի, իսկ մնացածը՝ հաջորդ տարի:

«Ryanair» ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հայտնվել են չվերթներ Թբիլիսիի և Քութաիսիի ուղղությամբ: Քութաիսիից չվերթներում նշված է Իտալիայի Բոլոնիա քաղաքը և Ֆրանսիայի Մարսել քաղաքը, իսկ Թբիլիսիից՝ Իտալիայի Միլան քաղաքի Բերգամո օդանավակայանը: Նույն տեղեկությունում նշված է, որ առաջին չվերթն իրականացվելու է նոյեմբերի 6-ին՝ Թբիլիսիից Միլանի ուղղությամբ: