Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև կնքվել է փոխադարձ համագործակցության մասին պայմանագիր:
Պայմանագիրն ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Գիորգի Չոգովաձեն և «Ryanair»-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
«Ryanair»-ը չվերթներ կիրականացնի Թբիլիսիի և Քութաիսիի միջազգային օդանավակայաններից:
Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, պայմանագիրը ներառում է ուղիղ չվերթներ 12 ուղղություններով՝ դեպի եվրոպական քաղաքներ, որոնցից երեք ուղղությամբ չվերթները կմեկնարկեն այս տարի, իսկ մնացածը՝ հաջորդ տարի:
«Ryanair» ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հայտնվել են չվերթներ Թբիլիսիի և Քութաիսիի ուղղությամբ: Քութաիսիից չվերթներում նշված է Իտալիայի Բոլոնիա քաղաքը և Ֆրանսիայի Մարսել քաղաքը, իսկ Թբիլիսիից՝ Իտալիայի Միլան քաղաքի Բերգամո օդանավակայանը: Նույն տեղեկությունում նշված է, որ առաջին չվերթն իրականացվելու է նոյեմբերի 6-ին՝ Թբիլիսիից Միլանի ուղղությամբ: