Ռուս հաքերները հարձակում են գործել Օլիմպիական խաղերի համակարգչային ցանցի վրա. Washington Post
Ռուս հաքերները հարձակում են գործել Օլիմպիական խաղերի համակարգչային ցանցի վրա. Washington Post

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի համակարգչային ծառայությունների վրա իրականացված կիբերհարձակմանը: Այդ մասին հայտնում է Washington Post` վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի:

Նրանց խոսքերով՝ հաքերները փորձել են այնպիսի հարձակում իրականացնել, որ դրա իրականացման համար կասկածեն Հյուսիսային Կորեային: ԱՄՆ վերլուծաբանների կարծիքով՝ ռուսները ցանկանում էին վրեժ լուծել Միջազգային օլիմիպիական կոմիտեից Օլիմպիադային Ռուսաստանի հավաքականի նկատմամբ սահմանված սահմանափակումների համար:

Ինչպես պնդում է լրատվամիջոցը, փետրվարի սկզբին ռուսական գլխավոր հետախուզական վարչությունը կարողացել է մուտք գործել Օլիմիպիական խաղերի հետ կապված 300 համակարգիչներ:

ԱՄՆ հետախուզության տվյալները համընկնում են նաև մասնավոր ոլորտի վերլուծաբանների ստացած տվյալների հետ:

Նրանց տեղեկություններով՝ ռուս հաքերները նաև փորձել են կիբերհարձակումներ իրականացնել Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին անցկացված ամառային Օլիմիպիական խաղերի ժամանակ:

Հիշեցնենք, որ Փհենչհանում Օլիմպիական խաղերի փակման օրը կիբերհարձակման հետևանքով խափանվել է մամուլի գլխավոր կենտրոնում թվային հեռուստատեսության աշխատանքը: Ավելի մեծ վնասից խուսափելու համար Օլիմիպիական խաղերի կազմակերպիչներն անջատել են ինտերնետային սերվերները, ինչի հետևանքով դադարել է գործել Օլիմպիական խաղերի կայքը: