Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել է 41 երեխա: Այդ մասին վկայում են զոհվածների ցուցակները, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում:
Ընդամենը ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են:
Հրդեհի հետևանքով զոհված երեխաներից մեկի՝ Վիկա Պոչանկինայի մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը, պատմել է զարմուհու հետ վերջին խոսակցության մասին:
Նա հայտնել է, որ կրակների մեջ հայտնված կինոթատրոնից երեխան զանգահարել է իրեն և հրաժեշտ տվել: «Փոխանցիր մայրիկին, որ ես սիրում էի նրան»,- ասել է Վիկա Պոչանկինան:
Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, որոնք այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհը և դրա հետևանքով գրանցված ողբերգությունը շարունակում է մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: