Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ կանցկացնի
Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ կանցկացնի

Մարտի 12-ից 17-ը Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ զորքերի տարբեր տեսակների, կարգերի, ադրբեջանական բանակի համախմբերի ու միավորումների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչև 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:

Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ: