Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված Սուրբ Պատարագ Թբիլիսիի Հավլաբարի համանուն եկեղեցում
Հունիսի 19-ին հայոց հոգևոր աշխարհը նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Ըստ ավանդույթի՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Տոնն ավանդաբար նշվում է Զատկից 64 օր անց կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Այս տարի այն ուղեկցվել է Գաթայի փառատոնով, որը կազմակերպել էր «Շուշանիկ» հայ կանանց միությունը: