Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են Հնդկաստանից բենզին ներկրել՝ երկրում վառելիքի դեֆիցիտը լրացնելու համար
Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են բենզինի մասշտաբային ներկրում իրականացնել Հնդկաստանից՝ երկրում վառելիքի դեֆիցիտը լրացնելու համար։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսական մեդիան հղում է անում ՌԴ Պետական դումայի բյուջեի և հարկերի կոմիտեի որոշմանը, որտեղ հավանություն է տրվել հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխություններին։ Այս փոփոխությունները, ի թիվս այլ հարցերի, նախատեսում են բյուջեից սուբսիդիաների հատկացում այն նավթային ընկերություններին, որոնք բենզին են գնում արտերկրից։
Պարբերականի տեղեկություններով՝ ներկրվող բենզինի համար, որն արտադրվում է Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս, սուբսիդիայի չափը կորոշվի Հնդկաստանի շուկայում բենզինի գնի և հնդկական նավահանգիստներից դրա տեղափոխման ծախսերի հիման վրա։
Ի գիտություն՝ Հնդկաստանը, Չինաստանի և Թուրքիայի հետ մեկտեղ, ռուսական նավթի խոշորագույն գնորդն է։ Այդ երեք երկրներին բաժին է ընկնում Ռուսաստանի հում նավթի արտահանման մոտ 98 տոկոսը։