Լեհաստանի նախկին վարչապետը Ուկրաինայի Յարոսլավ Իմաստունի շքանշանը հանձնել է Վոլինիայի ողբերգության թանգարանին. «Թող այս պարգևը դառնա Վոլինիայի կոտորածի ժամանակ սպանված անմեղ լեհերի հիշատակի խորհրդանիշը»
Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին Ուկրաինայի Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշանը հանձնել է Վոլինի ողբերգության զոհերի հիշատակի թանգարանին։
Մորավեցկին հայտարարել է, որ իբրև բողոքի նշան հետ է տալիս Ուկրաինայի Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշանը, որը նա ստացել էր Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկզբում, սակայն պարգևը Ուկրաինային չի վերադարձնում։
«Բոլոր նրանք, ովքեր այցելում են այս թանգարան՝ ինչպես լեհ, այնպես էլ օտարերկրյա հյուրերը, թող լրացուցիչ առիթ ունենան խորհելու Վոլինի կոտորածի դաժանության և սոսկալի բնույթի շուրջ։ Թող այս պարգևը դառնա Վոլինի կոտորածի ժամանակ դաժանորեն սպանված տասնյակ հազարավոր անմեղ լեհերի հիշատակի խորհրդանիշը։ Քանի որ կոռումպացված ուկրաինական էլիտան չի կարողանում դա անել, ես դա կանեմ նրանց փոխարեն»,- պարզաբանել է Մորավեցկին։
Մորավեցկու նախաձեռնությամբ պետք է վերսկսվի այն օրինագծի քննարկումն ու ընդունումը, որը պատժամիջոցներ է նախատեսում «բանդերականության» հետ կապված խորհրդանիշների հանրայնացման (պոպուլյարիզացիայի) համար։
Ի գիտություն՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զրկել է Սպիտակ արծվի շքանշանից այն բանից հետո, երբ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին անվանել է «Ուկրաինական ապստամբական բանակի» անունով։ Ինչպես գրում են լեհական լրատվամիջոցները, «Ուկրաինական ապստամբական բանակը» 1943 թվականի հուլիսին համակարգված հարձակում է իրականացրել լեհերով բնակեցված շուրջ 150 քաղաքների վրա, որոնք գտնվում էին նախկին Վոլինի վոեվոդության, մասնավորապես՝ Վլադիմիրի, Հորոխովի, Կովելի և Լուցկի շրջաններում՝ ներկայիս Ուկրաինայի տարածքում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, ի նշան Վլադիմիր Զելենսկու հետ համերաշխության, հրաժարվել է «Լեհաստանի Հանրապետությանն մատուցած ծառայությունների համար» շքանշանի Կոմանդորական խաչից, որը նրան հանձնվել էր 2022 թվականին։ Սիբիգայի նման պարգևներից հրաժարվել են նաև Ուկրաինայի նախկին նախագահներ Վիկտոր Յուշչենկոն, Լեոնիդ Կուչման և Պետրո Պորոշենկոն։