Իրակլի Կոբախիձե. Միակ շահը, որ Եվրամիությունը կարող է ունենալ, Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն է, պահպանենք լավատեսությունը, որ հարաբերությունները լիարժեքորեն կվերականգնվեն
Եթե նայենք Եվրամիության օբյեկտիվ շահերին, միակ շահը, որ Եվրամիությունը կարող է օբյեկտիվորեն ունենալ, դա Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն է, – այս մասին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով՝ արևելյան ուղղությամբ Եվրամիությունը լուրջ խնդիրներ ունի կապակցելիության տեսանկյունից։
Ռուսաստանի հետ կապն ամբողջությամբ կտրվել է։ Մերձավոր Արևելքում խնդրահարույց իրավիճակ է, և մնում է միակ բնական կամուրջը Եվրամիության և Արևելքի միջև. դա Հարավային Կովկասի կամուրջն է, որն առանց Վրաստանի չի կարող գործել։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարում էր, թե իբր առանց Վրաստանի էլ հնարավոր է, այստեղ մանրամասների մեջ չեմ խորանա, անլուրջ է, նվազագույնը պետք է քարտեզ տեսած լինես և աշխարհագրությունից հասկանաս, որպեսզի նման հայտարարություններ չանես։ Ահա թե ինչու մենք կասկածներ ունենք այն մասին, որ եվրոպական բյուրոկրատիան չի գործում Եվրոպայի հասարակության, բնակչության օբյեկտիվ շահերին համապատասխան։ Այստեղ հիմնավոր կասկած ունենք։ Հակառակ դեպքում, եվրոպական բյուրոկրատիան ամբողջությամբ կենտրոնացած կլիներ Վրաստանի հետ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունների բարելավման վրա։ Մնացած մասով սպասենք իրադարձությունների զարգացմանը, թե ինչպես կշարունակվեն գործընթացները, և պահպանենք լավատեսությունն առ այն, որ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները լիարժեքորեն կվերականգնվեն», – հայտարարել է վարչապետը։