Դոնալդ Թրամփ. «Ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն շնորհելը Ամերիկայի համար թանկ և անարդար որոշում է, սակայն մենք կարող ենք հեշտությամբ շտկել սա օրենսդրության միջոցով»

21:35, 30.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքում է ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից իր այն որոշման չեղարկմանը, որը սահմանափակում էր երկրում անօրինական գտնվող ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ավտոմատ կերպով Ամերիկայի քաղաքացիություն շնորհելը։

Սպիտակ տան առաջնորդը որոշումն անվանել է «շատ վատ»։ Նրա իսկ խոսքով՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն շնորհելը երկրի համար «թանկարժեք և անարդար որոշում է», ուստի նա կփորձի փոխել այն Կոնգրեսում օրենսդրության միջոցով։

«Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, ինչը շատ վատ է մեր երկրի համար, բայց մենք կարող ենք հեշտությամբ ուղղել դա Կոնգրեսում օրենսդրության միջոցով՝ նախագահի աջակցությամբ, ինչն այժմ նախատեսված է այս գործընթացում։ Երկար ու բարդ սահմանադրական ուղղման կարիք չկա՛։ Կոնգրեսը հենց այսօր պետք է սկսի աշխատանքը մեր երկրի համար թանկարժեք և անարդար ծննդյան իրավունքով քաղաքացիությանը վերջ տալու ուղղությամբ։ Նրանք կունենան իմ լիակատար ու համապարփակ աջակցությունը»,- գրում է Դոնալդ Թրամփը։

Ի գիտություն՝ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որը սահմանափակում էր երկրում անօրինական գտնվող ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ավտոմատ կերպով Ամերիկայի քաղաքացիություն շնորհելը։ Վեց ձայնով ընդդեմ երեքի՝ Գերագույն դատարանի դատավորներն ուժի մեջ են թողել 150-ամյա ավանդույթը, որն ամրագրված է Սահմանադրությամբ և Ամերիկայի տարածքում ծնված երեխաներին ավտոմատ կերպով շնորհում է ԱՄՆ քաղաքացու կարգավիճակ։ Նախագահ Դոնալդ Թրամփն այս կանոնի փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր Սպիտակ տուն երկրորդ ժամկետով վերադառնալուց անմիջապես հետո, սակայն այս գործադիր հրամանագիրը բողոքարկվել էր դատարանում։

Նմանատիպ