ԱՄՆ դեսպանատուն. DFC-ն «PACE Group» ընկերության հետ ստորագրել է 25 միլիոն դոլարի երկրորդ վարկային համաձայնագիրը, ֆինանսավորումը կուղղվի Փոթիի նոր ծովային նավահանգստի երկրորդ նավամատույցի շինարարությանը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) «PACE Group» ընկերության հետ ստորագրել է 25 միլիոն դոլարի երկրորդ վարկային համաձայնագիրը։ Ֆինանսավորումը կուղղվի Փոթիի նոր ծովային նավահանգստի երկրորդ նավամատույցի շինարարության ավարտին, ինչը զգալիորեն կմեծացնի բեռների վերամշակման հնարավորությունը. այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության մեջ։
Նրանց փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման արդյունքում նավահանգստի թողունակությունը տարեկան կավելանա ևս մեկ միլիոն տոննայով, կամրապնդվի կրիտիկական ենթակառուցվածքը, և առևտուրը Տրանսկասպյան միջանցքի երկայնքով կդառնա էլ ավելի անվտանգ ու արդյունավետ։
«Այս նախագիծը հիմնված է DFC-ի և «PACE Group»-ի հաջող համագործակցության վրա, որի շրջանակներում 2020 թվականին 50 միլիոն դոլարի վարկ էր հատկացվել Փոթիի նոր ծովային նավահանգստի տերմինալի զարգացման և շինարարության համար։
DFC-ն ԱՄՆ կառավարության միջազգային ներդրումային գործակալությունն է, որի ներդրումներն ապահովում են կայուն տնտեսական արդյունքներ ամերիկացի հարկատուների համար և նպաստում ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների կայուն տնտեսական զարգացմանը»,- ասված է դեսպանատան տեղեկատվության մեջ։