Զուրաբ Ջափարիձեն լքել է բանտը
Զուրաբ Ջափարիձեն լքել է բանտը

«Գիրչի–Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն լքել է կալանավայրն։

Ինչպես Ջափարիձեն հայտարարեց լրագրողներին պատժակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո, նա մտադիր է այս երեկո գնալ Ռուսթավելիի պողոտա։

«Յոթ ամսվա մեկուսացումից հետո, երբ ինֆորմացիան ստացել ես միայն հեռուստացույցով, չեմ կարծում, որ ճիշտ կլինի հիմա սկսեմ պատմել, ինչ պետք է արվի։ Որոշ ժամանակ է հարկավոր՝ մարդկանց հանդիպելու, լսելու, իրավիճակին ծանոթանալու համար, մի քանի օր պետք է, որպեսզի կողմնորոշվեմ։ Որոշ գաղափարներ ունեմ, բայց սկզբում ուզում եմ զրուցել մյուսների հետ, հետո կասեմ, թե իմ կարծիքով ինչն է ճիշտ։

Ինչ վերաբերում է նոր մեղադրանքին՝ սա ուղերձ է ոչ միայն ինձ, այլ նաև Լակային, Գվարամիային, Վաշաձեին, և բաց տեքստով ասում են՝ մի քիչ բաց կթողնենք, որ նորից զգաք, ինչ է ազատությունը, հետո կընտրեք՝ կա՛մ պետք է լռեք, կա՛մ պետք է հեռանաք երկրից։ Բայց այդ ճանապարհով գնացող չկա։ Ես չեմ պատրաստվում, ոչ էլ որևէ մեկը պատրաստվում է, այնքանով որքան ճանաչում եմ այս մարդկանց, կարծում եմ՝ լավ եմ ճանաչում։ Չեմ կարծում, թե նրանք արդեն որոշել են՝ կդատապարտեն մեզ 7 կամ 15 տարվա ազատազրկմամբ, դա, երեւի, ճանապարհին կորոշեն։ Մշտապես ապրում ես զգացողությամբ, որ քիչ ժամանակ ունես, և ցանկացած պահի կարող են նորից բանտարկել։ Մեր խնդիրն է՝ ամուր մնալ։ Այս կարճ ժամանակը, քանի դեռ դրսում ենք, պետք է արդյունավետ օգտագործենք։ Այս երեկո մտադիր եմ գնալ Ռուսթավելի։ Արդեն որոշ հանդիպումներ պլանավորված են՝ ընդդիմադիր շրջանակների, կուսակցությունների, ակտիվիստների հետ։ Շատ մարդիկ կան, ովքեր արդեն խոսում են հրապարակայնորեն։

Ի վերջո, հաղթելու ենք մենք, որքան էլ դժվար լինի այս ճանապարհը։ Այս ճանապարհը երբեք չի լինի ավելի դժվար, քան այն, ինչ անցել է այս երկիրը, այս ժողովուրդը մեկ դար առաջ ռուսների ձեռքով։ Հասկանալի է, որ դժվար է, բայց ո՞վ էր մտածում, թե հեշտ է լինելու։ Ի վերջո, մենք կհաղթենք։ Ինչպես Թբիլիսին չի կարող դառնալ Աշխաբադ, այնպես էլ այս երկիրը չի կարող ռուսանալ», – հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննական հանձնաժողովի դիմումի հիման վրա գլխավոր դատախազությունը Զուրաբ Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար», ինչը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով, ինչպես նաև պաշտոնի զբաղեցնելու կամ որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով։

Քանի որ Զուրաբ Ջափարիձեն չի ներկայացել խորհրդարանի ժամանակավոր հետաքննական հանձնաժողով, 2024 թվականի ապրիլի 16-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 20 000 լարիի գրավ, որի վճարման վերջնաժամկետը եղել է մայիսի 18-ը։

2024 թվականի մայիսի 22-ին «Կոալիցիա փոփոխության համար» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն, գրավով փոխարինվեց կալանքով։