Զուրաբ Գիրչի Ճափարիձեին որպես խափանման միջոց գրավը փոխարինվել է կալանքով
Զուրաբ Գիրչի Ճափարիձեին որպես խափանման միջոց գրավը փոխարինվել է կալանքով

«Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից մեկին՝ Զուրաբ Գիրչի Ճափարիձեին, որպես խափանման միջոց գրավը փոխարինվել է կալանքով։

Վճիռը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն։ Զուրաբ Ճափարիձեն կալանավորվել է հենց դատարանի դահլիճում։

Խափանման միջոցի փոփոխության պատճառ է դարձել գրավի չվճարումը։

Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար Զուրաբ Ճափարիձեին ապրիլի 16-ին որպես խափանման միջոց սահմանվել էր 20 000 լարիի գրավ։ Գրավի վճարման ժամկետը լրացել էր մայիսի 18-ին։

Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի դիմումի հիման վրա՝ դատախազությունը Ճափարիձեին մեղադրանք է ներկայացրել Վրաստանի քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջի չկատարելուն» և նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով, ինչպես նաև պաշտոն զբաղեցնելու կամ գործունեություն ծավալելու իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով։