Զուրաբ Ազարաշվիլիի համանախագահությամբ ԱՄՆ-ում կայացել է Համընդհանուր առողջապահության և համաշխարհային առողջապահության ընկերների հանդիպումը
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի համանախագահությամբ ԱՄՆ-ում կայացել է Համընդհանուր առողջապահության և համաշխարհային առողջապահության ընկերների հանդիպումը։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը խմբի անդամներին տեղեկացրել է բնակչության համար առողջապահական ծառայությունների և դեղամիջոցների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող և նախատեսվող բարեփոխումների մասին։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ վերջերս ներդրեցինք դեղերի գնագոյացման ռեֆերենտ մեխանիզմ, որն այսօրվա դրությամբ վերաբերում է ավելի քան 2300 դեղամիջոցի։ Մենք աշխատում ենք թանկարժեք դեղամիջոցների համար արտադրողի հետ ուղղակի պայմանագրի (Managed Entry Agreements) մեխանիզմի ներդրման վրա, ինչը կարևոր քայլ է դեղագործական ծախսերը նվազեցնելու համար։
Ես հպարտ եմ, որ Վրաստանը Ճապոնիայի և Թաիլանդի հետ համատեղ նախագահում է Համընդհանուր առողջապահության ընկերների (UHC) խումբը, որը կարևոր հարթակ է ՄԱԿ-ի անդամ երկրների համար՝ իրականացնելու համընդհանուր առողջապահության 2030 թվականի գործողությունների ծրագիրը»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին:
Զուրաբ Ազարաշվիլին խոսել է նաև համընդհանուր առողջապահական ծրագրի արդյունքների մասին և նշել, որ զգալիորեն նվազել են բժշկական ծառայությունների համար բնակչության գրպանից կատարվող ծախսերը։
Առողջապահության նախարարը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցում է բարձր մակարդակի հանդիպումներին։