Զուրաբ Ազարաշվիլի. Եթե Եվրամիության անդամ պետությունը պատասխանատվություն ստանձնի և բյուջեից ֆինանսավորի ախոնդրոպլազիայի դեմ նոր դեղամիջոց, ապա Վրաստանն առաջինը կլինի, որը կիրականացնի գնումների ընթացակարգերը
Մենք անվերապահ երաշխիք ենք տալիս, որ եթե սեպտեմբեր ամսվա տվյալներով Եվրամիության անդամ մի քանի երկրներ պատասխանատվություն ստանձնեն և պետական բյուջեից ֆինանսավորեն ախոնդրոպլազիայի դեմ նորաստեղծ դեղամիջոցը, ապա Վրաստանը կլինի աշխարհի առաջատար երկրներից մեկը, որը կկիսի այդ պատասխանատվությունը և կիրականացնի դեղորայքի գնման համար անհրաժեշտ ընթացակարգերը,-ասել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին ախոնդրոպլազիա ախտորոշմամբ հիվանդների ծնողների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը առողջապահության նախարարը լսել է ծնողների կարիքները և նրանց ներկայացրել «Վոսորիտիդ» դեղամիջոցի վերաբերյալ միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը։
Հանդիպմանը նշվել է, որ դեղորայքի վերաբերյալ սակավ տվյալների առկայության պատճառով աշխարհի զարգացած երկրները զգույշ են այս հարցում՝ հնարավորինս երաշխավորելու հիվանդի անվտանգությունը։ Ուստի այս փուլում աշխարհի ոչ մի երկրում նշված դեղամիջոցով բուժումը չի ֆինանսավորվում պետբյուջեից։ Դեղամիջոցի թույլտվությունը ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) և Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից վերաբերում է դեղը երկիր մուտք գործելու և վաճառելու իրավունքին և չի ենթադրում դեղամիջոցի ֆինանսավորում բյուջեից:
Նա նշեց, որ պետբյուջեից դեղերի ֆինանսավորման որոշումը միակողմանի չի ընդունվում, և մասնագետները, բժիշկներն ու ոլորտի փորձագետները հարցը քննարկում են համատեղ պայմանավորվածության հիման վրա։
Զուրաբ Ազարաշվիլին հիվանդների ծնողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է գերատեսչության պատրաստակամությունը, որ պետությունը կֆինանսավորի ուղեկցող այլ հիվանդություններով երեխաների ախտորոշումն ու բուժումը՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։
Ախոնդրոպլազիան հազվագյուտ հիվանդություն է, որը բնութագրվում է մարդու հասակի աճի հետաձգմամբ, և այս հիվանդությամբ մարդիկ ունեն նորմալ կյանքի տեւողություն, նորմալ ինտելեկտ՝ չնայած աճի հետաձգմանը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։