Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կայցելի Ուկրաինա։ Ինչպես գրում է ԴՈԼՉԵ ՎԵԼԵ-ն, այս մասին հայտնում են հնդկական ԶԼՄ-ները՝ հենվելով դիվանագիտական աղբյուրների վրա։
Նրանց տված տեղեկությունների համաձայն ՝ այցն այժմ նախապատրաստական փուլում է և հավանաբար կկայանա օգոստոսի 23-ին։ Սա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցը Ուկրաինա լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։
Ռուսական ԹԱՍՍ լրատվական գործակալությունը, հենվելով Հնդկաստանի խորհրդարանի աղբյուրի վրա, գրում է, որ Մոդին կարող է առաջարկել Մոսկվային և Կիևին միջնորդել խաղաղ բանակցություններում։
«Հնդկաստանը երկարամյա բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ վարչապետը լավ հարաբերություններ ունի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Միաժամանակ Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ։ Երկու երկրներն էլ վստահում են Հնդկաստանին»,- գրել է ռուսական գործակալությունը։