«ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի» անդամ 14 երկրների դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածում Մզիա Ամաղլոբելիի վերաբերյալ
«ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի» անդամ 14 երկրների դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածում Մզիա Ամաղլոբելիի վերաբերյալ

«ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի» անդամ 14 երկրների դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածում Մզիա Ամաղլոբելիի վերաբերյալ։ Հայտարարությունը տարածել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սոցիալական ցանցերում։

Հայտարարության համաձայն՝ կոալիցիայի անդամ 14 երկրների դեսպանատները մտահոգություն են հայտնում «Batumelebi»-ի և «Netgazeti»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի իրավիճակի կապակցությամբ։

«Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի անդամները չափազանց մտահոգված են արդեն 19 օր հացադուլ անող Մզիա Ամաղլոբելիի վիճակով։ Ինչպես նշել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, նրա նախնական կալանքն անհիմն է։ Սա Վրաստանում լրագրողներին ահաբեկելու ևս մեկ անհանգստացնող օրինակ է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունն ու արտահայտվելու իրավունքը։ Մզիան պետք է անհապաղ ազատ արձակվի, և նրա գործը վերանայվի։

Մեզ անհանգստացնում է նաև այն, որ ոչ մի ոստիկան չի հեռացվել կամ պատասխանատվության ենթարկվել ցուցարարների նկատմամբ համակարգված բռնությունների համար: Մենք հիշեցնում ենք «ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի» դեկտեմբերի 20-ի հայտարարությունը և կոչ ենք անում վրացական իշխանություններին ապահովել այն լրագրողների իրավունքները, ովքեր իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս բողոքի ակցիաները լուսաբանելիս ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Ավստրիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Ուկրաինայի դեսպանությունները։