Ժողովրդական պաշտպան. Գրանցման տեխնիկական հարցը չպետք է հիմք դառնա սահմանադրությամբ երաշխավորված ընտրություններին մասնակցելու քաղաքացու իրավունքը սահմանափակելու համար
Վերջին օրերին Վրաստանի ժողովրդական պաշտպանը տեղեկացավ այնպիսի դեպքերի մասին, երբ բռնազավթված տարածքներում գրանցված Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են արտերկրում, բայց չունեն իրենց փաստացի բնակության վայրը Վրաստանում փախստականների տվյալների բազայում, չի տրվում իրենց տվյալները միասնական ընտրական ցուցակում արտացոլելու և, համապատասխանաբար, ընտրություններին մասնակցելու հնարավորություն,- ասված է ժողովրդական պաշտպանի տարածած հայտարարության մեջ։
Լևան Իոսելիանիի խոսքով, «Տեղեկություն է տարածվում նաև այն մասին, որ Աբխազիայից տեղահանված Վրաստանի քաղաքացիներից պահանջում են փոխել իրենց հաշվառման վայրը, ինչը նշանակում է, որ Վրաստանի օկուպացված տարածքում նրանց հասցեն այլևս չի նշվի որպես գրանցման վայր»։
«Հարցի ուսումնասիրության արդյունքում ժողովրդական պաշտպանը գտնում է, որ օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձի համար օկուպացված տարածքում մշտական բնակության վայր պահելը իրավական և քաղաքական ենթատեքստ ունի, հետևաբար, նման անձինք չեն ցանկանում փոխել իրենց մշտական հասցեն:
Միևնույն ժամանակ, ժողովրդական պաշտպանը շեշտում է, որ գրանցման տեխնիկական հարցը չպետք է հիմք դառնա սահմանադրությամբ երաշխավորված ընտրություններին մասնակցելու նրանց իրավունքը սահմանափակելու համար, հատկապես, երբ այդ ընտրությունները համընդհանուր պետական են և ոչ տեղական ինքնակառավարման:
Համապատասխանաբար, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում հայեցողական լիազորությունների շրջանակում, մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման և նորմերի համակարգված մեկնաբանության հիման վրա, օգտագործել իրեն հասանելի բոլոր հնարավորությունները և մուտքագրել այդպիսի անձանց տվյալները միասնական ընտրական ցուցակում»,- ասված է Լևան Իոսելիանիի հայտարարության մեջ, որը տարածում է նրա մամուլի գրասենյակը։