Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 55-րդ փուլի վերաբերյալ
Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 55-րդ փուլի վերաբերյալ:
ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ 2008 թվականի վեց կետից բաղկացած համաձայնագրով Ժնևի միջազգային բանակցությունները շարունակում են մնալ հակամարտության և այլ կարևոր հարցերի քննարկման հարթակ:
55-րդ փուլը սկսվեց հանդիպումներով, որոնք ուղղված էին հակամարտությունից տուժած բնակչության համար կարևոր խնդիրների լուծմանը, այդ թվում՝ տեղաշարժի ազատությանը և հարակից խնդիրներին, ինչպես նաև փորձի փոխանակմանը «կովիդ 19» համավարակային ուղղվածություն ունեցող բժշկական ոլորտի ներկայացուցիչների միջև:
Երկու օր շարունակ մասնակիցները հանդիպեցին Ժնևի միջազգային բանակցությունների երկու զուգահեռ աշխատանքային խմբերի հետ, որոնք կենտրոնացած էին անվտանգության և մարդասիրական խնդիրների վրա: Անվտանգության ընդհանուր իրավիճակը տեղում գնահատվել է համեմատաբար կայուն։ Քննարկումները ևս մեկ անգամ շոշափել են Ժնևի միջազգային բանակցությունների օրակարգի հիմնական հարցը՝ ուժի չկիրառումը և անվտանգության միջազգային դասավորությունը։ Մասնակիցներն անկեղծորեն կարծիքներ փոխանակեցին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տեղաշարժի ազատությունը, արտասահման մեկնելը, ձերբակալությունները, անհայտ կորածների դեպքերը և հատուկ նշանակված տարածքներում անվտանգության հարցերը: Այնուամենայնիվ, չնայած մարդասիրական տարբեր հարցերում կառուցողական ներգրավվածությանը, որոշ մասնակիցների հեռանալու պատճառով տեղահանվածների և փախստականների հիմնական հարցը չհաջողվեց քննարկել։
Համանախագահները ողջունել են Էրգնեթիում Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի գործարկումը և նշել դրական ազդանշանները Գալիի միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հնարավոր նորացման վերաբերյալ:
Համանախագահները ևս մեկ անգամ կոչ արեցին բոլոր մասնակիցներին ակտիվացնել վստահության ամրապնդման իրենց ջանքերը և քննարկել համապարփակ և մարդկային անվտանգության բոլոր ասպեկտները, ներառյալ տեխնիկական մակարդակով քննարկումներում կառուցողական ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կազմակերպությունների հետ:
Մասնակիցները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ժնևում՝ 2022 թվականի մարտի 29-ին և 30-ին»,- ասվում է հայտարարության մեջ։