Զեկույց՝ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին
Վրաստանը բարձր գնահատական է ստանում ձեռքբերումների համար, սակայն հավանաբար, պետք է շտկի մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված թերությունները,- այս մասին նշված է միջազգային փորձագետ Մեգի Նիկոլսոնի զեկույցում, որը «Մարդու իրավունքները բոլորի համար» քառամյա ծրագրի շրջանակներում ներկայացրել են Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին անկախ միջազգային փորձագետ Մեգի Նիկոլսոնը, որը Վրաստանում է Եվրամիության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարության հրավերով, գնահատել է վեցամյա ճանապարհը մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Զեկույցի համաձայն, երկիրը օրենսդրության և քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ հասել է կարևոր հաջողությունների: Նշվում է օրենսդրական նոր արձանագրությունների ընդունումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ խտրականության դեմ պայքար, անչափահասների արդարադատություն, աշխատանքի անվտանգություն, երեխաների իրավունքներ և ներգաղթյալների և ապաստան փնտրողների պաշտպանություն:
Բացի այդ, միջազգային փորձագետը ներկայացրել է հանձնարարականների ցանկը, որոնց նպատակը Վրաստանին աջակցելն է այս օրենսդրական ձեռքբերումները գործնականում իրականցելու ուղղությամբ մարդու իրավունքների ամենօրյա պաշտպանությունն ապահովելու համար: