«Զբոսաշրջություն և խաղաղություն». Վրաստանում առաջին անգամ կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային օրը
«Զբոսաշրջություն և խաղաղություն». Վրաստանում առաջին անգամ կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային օրը

2024 թվականի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո Վրաստանում առաջին անգամ կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային օրը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա Զբոսաշրջության համաշխարհային օրվա թեման է «Զբոսաշրջություն և խաղաղություն»։

Լայնածավալ միջոցառման շրջանակում Վրաստան կայցելեն բարձրաստիճան հյուրեր բազմաթիվ երկրներից, զբոսաշրջության նախարարներ, միջազգային կազմակերպությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման անցկացումը Վրաստանում էապես կնպաստի միջազգային ասպարեզում երկրի զբոսաշրջային իրազեկության ամրապնդմանը։ 2023 թվականի գարնանը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպական հանձնաժողովի անդամ 38 երկրները միաձայն պաշտպանեցին վրացական պատվիրակության նախաձեռնությունը՝ 2024 թվականին Վրաստանում տոնելու Զբոսաշրջության համաշխարհային օրը։

Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UN Tourism) կողմից 1979 թվականից՝ ամեն տարվա սեպտեմբերի 27-ին»,- ասվում է գերատեսչության կողմից տարածած հայտարարության մեջ: