Զբոսաշրջության ազգային վարչությունը նոր մարքեթինգային արշավ է սկսել «Expedia» զբոսաշրջային հարթակում
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը նոր մարքեթինգային արշավ է սկսել «Expedia»-ում՝ աշխարհի ամենամեծ զբոսաշրջային հարթակներից մեկում:
«Expedia»-ում և նրա գործընկեր կայքերում կտեղադրվեն Վրաստանի զբոսաշրջային ուղղությունների, ձմեռային հանգստավայրերի, բնության, արկածային տուրիզմի և այլ զբոսաշրջային ապրանքների մասին տեղեկություններ, կպատրաստվեն թվային պաստառներ, ինչպես նաև արշավը կներառի սոցիալական ցանցերը։
Զբոսաշրջության ազգային վարչության մարքեթինգային արշավի թիրախային շուկաներն են՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։
«Expedia»-ն ունի ավելի քան 68 միլիոն հաճախորդ ամբողջ աշխարհում և միավորում է ավելի քան 200 առցանց ամրագրման կայքեր ավելի քան 70 երկրներում: «Expedia»-ն հաճախորդներին տրամադրում է տեղեկատվություն երեք միլիոն տուրիստական, կացարանի, անշարժ գույքի, ավելի քան 500 ավիաընկերությունների, նավարկությունների և ավտոմեքենաների վարձակալության ընկերությունների մասին:
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։