ՅՈՒՆԻՍԵՖ. Կեսօրին հայտնի կդառնա, թե Վրաստանը երբ կստանա «Աստրազենեկա» պատվաստանյութի նոր խմբաքանակ
Կեսօրին հայտնի կդառնա, թե Վրաստանը երբ կստանա «Աստրազենեկա» պատվաստանյութի 43 հազար դեղաչափ, – Առաջին Ալիքին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության մասնագետ Թակո Ուգուլավան: Ըստ նրա, խնդիրն ամբողջությամբ կապված է արտադրողի հետ, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ին տեղեկացրել էր, որ պատվաստանյութերը իրենց ներկայացուցչին պետք է առաքվեն հունիսի 22-ին, որից հետո դեղամիջոցի խմբաքանակը կբեռնվի ինքնաթիռ և մի քանի օրից կմատակարարվի Վրաստան, սակայն, ըստ Ուգուլավայի, արտադրող ընկերությունը չի կարողացել պատվաստանյութը հասցնել իր կողմից սահմանված ժամկետում:
Ըստ Թակո Ուգուլավայի, խոսքը Իսպանիայի արտադրական գծի մասին է, որտեղից պատվաստանյութը պետք է Վրաստան հասնի Թուրքիայի տարածքով:
«Այս խնդիրը կապված է արտադրողի հետ, նույնիսկ մենք՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ճշգրիտ տեղեկատվություն չունենք պատվաստանյութի առաքման ժամկետների վերաբերյալ: Հետաձգումը ոչ միայն Վրաստանի վրա է ազդում, այլ խնդրի հետ բախվել են նաև այլ երկրներ, որոնց համար «Աստրազենեկայի» իսպանական արտադրական գիծը նույնպես հետաձգել է դեղերի ժամանակին մատակարարումը», – Վրաստանի Առաջին Ալիքին հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով, երկիրն արդեն ստացել է 90 հազար պատվաստանյութ, իսկ այս փուլում սպասում է 43 հազար դեղաչափ:
Երեկ Հանրապետական հիվանդանոցում հետաձգվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստման գործընթացը: Չնայած մի քանի ժամվա ընթացքում վերսկսվել են պատվաստումները, այսօր կրկին շահառուները, ովքեր կլինիկայում հերթագրվել են «Աստրազենեկայի» պատվաստման համար, ծանուցագիր են ստացել այն մասին, որ ամրագրումը հետաձգվել է և լրացուցիչ տեղեկություններ կստանան նոր ամսաթվի մասին: