«Յունկերները» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի պրեմիերան Առաջին ալիքով կկայանա սեպտեմբերին
Սեպտեմբերին հեռուստադիտողը Վրաստանի Առաջին ալիքով կդիտի «Յունկերները» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը։ Հինգ սերիաներից բաղկացած պատմական դրաման Հանրային հեռարձակողի նախագիծն է, որն իրականացվում է «Շվիդկացա պլյուս» ստեղծագործական խմբի հետ։
Ֆիլմի ռեժիսոր Գիա Բարաբաձեն գրող Կոտե Ջանդիերիի հետ սցենարի համահեղինակն է։ Մինի սերիալում պատկերված են 1921 թվականի փետրվարի իրադարձությունները՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության վերջին օրերը։ Նկարահանումներն արդեն ակտիվ փուլում են։
Արտադրական փուլը կավարտվի ապրիլին, իսկ աշնանը առաջին ալիքով հեռուստադիտողին կսպասի պրեմիերա։
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին նշում է, որ սերիալի թեման բոլորին հարազատ է ու ցավոտ։
«Կարծում եմ՝ այս նախագիծը, ֆիլմը, հեռուստասերիալն այսօր պատմության, քաղաքականության, մշակույթի, արվեստի մասին խոսելու լավագույն միջոցն է։ Այն շատ շուտով կհայտնվի էկրաններին։ Շատ բարդ աշխատանքային գրաֆիկ է։ Դա երկարաժամկետ նախագիծ է, մենք դրա մասին խոսում ենք արդեն մի քանի տարի։ Շատ ուրախ եմ, որ հասել ենք նկարահանման գործընթացին, ուստի մեր հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել սերիալի պրեմիերան սեպտեմբերին։ Թեման մոտ է, ցավոտ, արդիական բոլորի համար, որն արտացոլում է ոչ միայն մեր երկրի անցյալը, այլև մասամբ այսօրվա իրականությունը»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
Ինչպես նշեց սերիալի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Գիա Բարաբաձեն, նախագծի վրա աշխատելը բարդ, բայց հետաքրքիր գործընթաց է։
«Ֆիլմի ժամանակացույցի կեսը նկարահանված է։ Դժվար է, երբ գործ ունես 1921 թվականի հետ, իսկ Թբիլիսին ամեն կերպ փոխվել է։ Դժվար է ստեղծել այդ տարիները, բայց դա շատ հետաքրքիր գործընթաց է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ Գիա Բարաբաձեն։