Յոթ երկրներում բժիշկները սկսել են թոքերի քաղցկեղի աշխարհում առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, պատվաստանյութը քիմիաթերապիային այլընտրանք է
Յոթ երկրներում բժիշկները սկսել են թոքերի քաղցկեղի աշխարհում առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, պատվաստանյութը քիմիաթերապիային այլընտրանք է

Յոթ երկրներում բժիշկները սկսել են թոքերի քաղցկեղի աշխարհում առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:Բրիտանական «Գարդիան» հրատարակության տեղեկություններով՝ mRNA տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութը կարող է այլընտրանք դառնալ քիմիաթերապիային, քանի որ այն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին։

Ինչպես գրում է «Գարդիան»-ը, պատվաստանյութը, որն այժմ փորձարկվում է, «սովորեցնում է» մարդու մարմնին, թե ինչպես գտնել ու ոչնչացնել քաղցկեղային բջիջները, իսկ հետո կանխում է հիվանդության վերսկսումը։

BNT116 անունով հայտնի պատվաստանյութը, որը մշակվել է BioNTech-ի կողմից, ուղղված է թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղի (NSCLC) բուժմանը՝ հիվանդության ամենատարածված ձևը: Պատվաստանյութի 1-ին փուլի կլինիկական փորձարկումները սկսվել են յոթ երկրների 34 հետազոտական ​​կենտրոններում: Դրանք են՝ Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունգարիան, Լեհաստանը, Իսպանիան և Թուրքիան։ Ընդհանուր առմամբ, հետազոտությանը կներառվի մոտավորապես 130 հիվանդ։

Ինչպես գրում է «Գարդիան»-ը, թոքերի քաղցկեղի պատվաստանյութն աշխատում է «Covid-19»-ի դեմ պատվաստանյութերի նման և պատրաստում է մարդու օրգանիզմը քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար։ Դրա նպատակն է ուժեղացնել մարդու մարմնի իմունային պատասխանը քաղցկեղի նկատմամբ՝ միաժամանակ առողջ բջիջները թողնելով անձեռնմխելի:

Ինչպես նշվում է հոդվածում, այս պատվաստանյութը մարդու օրգանիզմի վրա չունի նույն թունավոր ազդեցությունը, ինչ քիմիաթերապիան, որը հաճախ վնասում է ոչ միայն քաղցկեղին, այլև առողջ բջիջներին։