Յոավ Գալանտ. Իսրայելը բարոյական իրավունք չունի դադարեցնել պատերազմը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադառնա տուն
Իսրայելը բարոյական իրավունք չունի դադարեցնել պատերազմը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադառնա տուն, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ։
«ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ ես հստակ արտահայտեցի ՀԱՄԱՍ-ի կազմաքանդման և պատանդներին իրենց տներ վերադարձնելու կարևորությունը։ Մենք կգործենք ՀԱՄԱՍ-ի դեմ ամենուր, նույնիսկ այն վայրերում, որտեղ դեռ չենք եղել, որպեսզի Իսրայելի պաշտպանության բանակն ավարտի իր առաքելությունը։ Մենք բարոյական իրավունք չունենք դադարեցնել պատերազմը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել իրենց տները։ Եթե մենք Գազայում հստակ և բացարձակ հաղթանակի չհասնենք, դա կարող է մեզ ավելի մոտեցնել պատերազմին հյուսիսում»,- ասել է Գալանտը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման եւ պատանդների անվերապահ ազատ արձակման պահանջով։
Ինչպես գրում է «Բի-Բի-Սի»-ն, ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը, ձեռնպահ է մնացել բանաձեւին աջակցելուց, թեեւ վետո չի դրել փաստաթղթի վրա։